Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Հոգ տար քո հաճախորդների համար, և շուկան հոգ կտանի քեզ համար»

«Հոգ տար քո հաճախորդների համար,  և շուկան հոգ կտանի քեզ համար»
24.12.2013 | 02:13

Ձեռնարկատիրական գործունեության մեջ կարևոր է, թե ինչպիսի քաղաքականությամբ է այն իրականացվում: Գործարարությունը կամա, թե ակամա մասնակից է հասարակության ոչ միայն տնտեսական կյանքի վրա ազդեցություն ունենալու հարցում, այլև արժեհամակարգի ձևավորման գործում:
Բիզնես էթիկայի անառարկելի արժեքն այն է, որ այն տալիս է գործնական խորհուրդներ, թե ինչպես և ինչ անել, որ համամարդկային արժեքները, ինչպես ազնվությունը, վստահությունը, արդարությունը յուրաքանչյուր ձեռնարկության կորպորատիվ կյանքի անբաժանելի մասը լինեն, ինչպես գործընկերները, աշխատակիցները վարվեն, որ խուսափեն դժվարին հանգամանքների մեջ հայտնվելուց: Գործարար արժեքներով առաջնորդվելը և դրանց ստեղծումը լավագույն գրավականներից են օտարերկրյա կապիտալը ներգրավելու հարցում, արտասահմանյան նորանոր շուկաներ մուտք գործելու և միջազգային ձեռնարկատիրական մակարդակի հասնելու լայն հնարավորություն են տալիս:
Արժեքները կարելի է բաժանել երկու զուգահեռների: Արժեքներ, որոնցով առաջնորդվում են գործարար հարաբերությունները, որոնք հիմնարար արժեքներ են, և արժեքներ, որոնք ստեղծվում են ձեռնարկատիրական գործունեության արդյունքում: Հիմնարար արժեքների շարքում առանձնանում են ազնվությունը, ողջամտությունը, գործնականությունը, աշխատասիրությունը և այլն: Մյուս կողմից` ձեռնարկատիրությունը արժեքների ստեղծման առումով միանշանակորեն նույնպես առնչվում է հոգևոր աշխարհին, որովհետև ամեն մի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստեղծվում են լավ կամ վատ արժեքներ, կամ դառնում արժեքների ձևավորման ու ստեղծման պատճառ: Քրիստոնեական էթիկայի սահմանները թույլ չեն տալիս այնպիսի գործունեություն, որը մարդուն կարող է տանել դեպի մեղք և գայթակղություն: Երբևէ աստվածահաճո չեն կարող լինել այնպիսի հաստատությունը, ապրանքը, գործունեությունը, որտեղ մարդը հոգևոր առումով անկում է ապրում` մխրճվելով ագահության, խաղամոլության, շնության, խարդախության մեջ: Արդ, քրիստոնեական էթիկան կանխում է այդպիսի գործարարության զարգացումը, որն իրականում վնասում է հասարակությանը և խեղաթյուրում բարոյահոգեբանական արժեքները: Գործարարությունը պարզապես շահույթ ստեղծելու ուղի չէ, այլ արժեքներ ստեղծելու ճանապարհ: Հաջողված գործարար Ջոն Մաքեյը, ով ստեղծել է մի հզոր ընկերություն` «Whole Foods Market» անվամբ, նշում է, որ ընդհանրապես հաջողակ գործարարությունը ստեղծում է արժեքներ: Առաքինի գործարարությունը համագործակցություն է աստվածային կամքի և նախախնամության իրագործման հետ` աստվածային արարչագործության պահպանման ու բարգավաճման համար:
Հատկանշական է, որ արդյունավետությունը և շահույթը համարվում են կարևոր գրավական` ձեռնարկատիրական գործառույթների պատշաճ իրականացման, գործարար ծառայությունների, պարտականությունների պատշաճ կատարման համար: Այս առումով շահույթը չի դիտարկվում անհատական և շահադիտական տեսանկյունից, ինչպես, օրինակ, այն ծառայեցնել բացառությամբ հարստանալու, ձեռնարկատիրոջ իշխանության ամրապնդման ու ազդեցության համար:
Ամերիկացի գործարարներից մեկը նշում է, որ բիզնես էթիկայով առաջնորդվելու հիմնական ուղիներից մեկն այն է, որ արտադրողականությունը մշտապես ավելի կարևոր է, քան որևէ ակնհայտ շահույթ: Ինչպես, օրինակ, ունենալով տարբեր հումքեր, որոնցից մեկն ավելի թանկ է, նրանցից նախընտրելի է լավագույնը` անկախ իր գնից: Այսինքն` պատրաստել որակով արտադրանք` վերցնելով լավ հումքը: Որակով արտադրանքը ապահովում է վաճառքի շարունակականությունը: Եվ եթե ինչ-ինչ հանգամանքներում շահութաբերությունը տուժում է, բայց և այնպես գործարարը վաստակում է ավելի էական շահույթ, այսինքն` հաճախորդի վստահությունը, որն ավելի էական է, քան փողը: Բիզնեսում գոյություն ունի ոսկե կանոն. «Հոգ տար քո հաճախորդների համար, և շուկան հոգ կտանի քեզ համար»: Սույն կանոնը ամերիկացի գործարարների հաջողության գրավականներից մեկն է: Օրինակ` մի անգամ «Ջեներալ Մոթորս»-ը ծախսել է երեք և կես միլիոն դոլար տեղեկացնելու համար իր վեց և կես միլիոն գնորդներին, հաճախորդներին, որ իրենց գնած մեքենաներն ունեն անսարքություն: Այսպիսով ստեղծվում է ձեռնարկատիրոջ մասնագիտական հեղինակություն: Մենք գիտենք, որ արժանահավատ գործարարությունն ավելի երկարատև և հաջողակ դեր կարող է ունենալ շուկայում: Դա այն է, երբ որակով արտադրողականությունն ավելի է գնահատվում, քան շահութաբերությունը: Անորակ ապրանքներ արտադրելով և դրանցով որոշակի ժամանակահատված արագ շահույթ ունենալով հնարավոր չէ վաստակել հեղինակություն, ինչպես նաև գնորդների, հաճախորդների վստահությունը: Շահույթը գործը հաջողությամբ իրագործելու արդյունք է և նրա հետագա զարգացման աղբյուրը: Այդ իսկ պատճառով, շահութաբեր գործը, եթե իրականացվում է բարոյական կերպով, ոչ միայն ձեռնարկատիրոջ հետաքրքրության սահմաններում է, այլև աշխատողների, պետության, գործընկերների և այլ առնչակից անձանց: Այդուհանդերձ, հարց է առաջանում` ինչպես կարող ենք խոսել գործարար բարոյական մշակույթի մասին, որի նպատակը նաև արժեքներ ստեղծելն է և ոչ թե պարզապես սպառողական հասարակությունը, կամ ինչպես առաջնորդվել քրիստոնեական էթիկայի կանոններով, երբ անառողջ մրցակցություն է տիրում, մասնավորաբար զարգացող երկրներում, որտեղ դաժան մրցակցություն է, պայքար գոյատևման համար, ճնշումներ իշխանությունների կողմից, բարձր հարկեր, արհեստական մենաշնորհներ, հովանավորչություն, մեծ չափերի հասնող կոռուպցիա:
Ցավալիորեն կարելի է նշել, որ մեր հասարակությունում գործարարությունն առաջնորդվում է վայրի կապիտալիզմի վարքագծով: Բացակայում է արժեքային համակարգը: Նրանց շարքերում, ովքեր զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, շատ են այնպիսիք, ովքեր նպատակին հասնելու համար խտրականություն չեն դնում միջոցների մեջ` անտեսելով քրիստոնեական էթիկայի կանոնները և օրենսդրությունը: Այդ իսկ պատճառով ձեռնարկատիրական գործունեությունը մարդկանց գիտակցության մեջ թույլ է կապված բարոյականության, էթիկայի մշակույթի հետ: Պատճառներից մեկն այն է, որ տիրում է բարոյահոգեբանական համընդհանուր անվստահություն ձեռնարկատիրական հարաբերություններում: Այն հարցին, թե ինչպես հաջողություն ունենալ բիզնեսում, երիտասարդ գործարարները պատասխանում են` խաբելով, խարդախությամբ, խորամանկությամբ և այլ բացասական երևույթների միջոցով: Գերխնդիր է շահույթի ապահովումը բարոյական և իրավական նորմերի ոտնահարման գնով: Նման գործարարությունը չի կարող դուրս գալ տվյալ անառողջ միջավայրից և միջազգային գործարարության հաղորդակցության ուղիներում զարգանալ: Երբ չեն գործում քրիստոնեական բարոյագիտության չափորոշիչները, առաջանում է խնդիր, որ այն, ինչը մեկի համար բարիք է, մյուսի համար ոչ միշտ է բարիք: Այս դեպքում առաջանում է բանավեճ, երբ կողմերից ամեն մեկը իր դիրքորոշումը համարում է արդարացի և ճշմարիտ: Երկակի ստանդարտների կիրառումը ստեղծում է անորոշություն: Սակայն ողջամիտ մտածողությունը թելադրում է, որ այդպիսի գործարար հարաբերությունները, ի վերջո, տանուլ են տրվում, իսկ երկրի տնտեսությունը չի կարող լինել արդյունավետ, որից տուժում են և՛ շուկան, և՛ առևտուրը: Բիզնեսը կարող է հաջողված լինել միայն այն դեպքում, երբ նրա մասնակիցները ղեկավարվում, առաջնորդվում են բարոյական արժեքներով: Ո՞վ կցանկանա ունենալ գործ, առավել ևս երկարատև հարաբերություններ գործընկերների հետ, որոնց չի կարող վստահել: Դրա համար գործարարներին անհրաժեշտ է ունենալ հուսալի, բարեպաշտ գործընկերոջ վարքագիծ: Եվ ովքեր հասկանում են այս իրողությունը, մեծ ջանքեր և միջոցներ են գործադրում ստեղծելու համար այդպիսի դրական պատկեր և պահպանելու այն, որպեսզի գործընկերները և հաճախորդները վստահությամբ վերաբերվեն իրեն: Եթե ամենօրյա գործունեությունը չի համապատասխանում այս իրողությանը, ապա ուշ, թե շուտ գործընկերները, հաճախորդները կհեռանան: Այս ամենը կարող է բերել ձեռնարկության սնանկությանը:
Այսպիսի միջավայրը հատկապես անընդունելի է միջազգային գործընկերների համար, որոնք մտադիր են ներդրումներ կատարել, քանի որ նմանօրինակ վիճակում ռիսկերն ու կորուստներն անչափ մեծ են:
Միջազգային բիզնեսում գործարար էթիկան է թելադրում հիմնարար «խաղի կանոնները», առանց որի այն խնդրահարույց է դառնում, ռիսկային և անկանխատեսելի: Հետևաբար, միջազգային ասպարեզում ավելի կարևորվում է գործարար էթիկայի սկզբունքների պահպանումը. ազնվությունը և հուսալիությունը ներառվում են գործարարության տնտեսական կատեգորիաներում: Գործարար էթիկան մի բաղկացուցիչ հատվածն է այն իրողության, որն անհրաժեշտ է իրագործել ընդգրկվելու համար Առևտրի համաշխարհային կազմակերպության և միջազգային շուկայի կապիտալի մեջ: Եվ այս ամենի համար անհրաժեշտ է բարձրացնել ընկերության հեղինակությունը, ներգրավել հուսալի գործընկերներ, պահել լավագույն աշխատակիցներին, բարձրացնել բաժնետերերի վստահությունը: Վստահությունն այնպիսի արժեք է, որը մեծացնում է արդյունավետությունը, կրճատում ժամանակի կորուստը: Կարելի է ձևակերպել առաքինի գործարարությունը իբրև օրենքի տառից անցում վստահության ոգու: Ընկերությունները պետք է գիտակցեն, որ անկեղծությունը, արժանահավատությունը, արդարությունը, խոստումների կատարումը և թափանցիկությունը ոչ միայն բարձրացնում են վստահությունը սեփական անձի նկատմամբ, այլև մեծ արդյունավետությամբ դյուրին են դարձնում փոխշահավետ առևտրային գործարքները, հատկապես միջազգային ասպարեզում:
Համաշխարհային տեսանկյունից դիտարկելիս գործարար հաջողություններն այսօր առավել կախված են տեխնոլոգիաներից, կրթված անհատներից և էթիկայի արժեքներից: Միայն բաց և առողջ հասարակությունն է ի վիճակի ստեղծելու ստեղծագործ մթնոլորտ, որտեղ կարող են ծնվել գաղափարներ, և նորարարությունը կարող է տվյալ երկրի համար բարեկեցություն ապահովել ու գործարար միջավայրի համար նոր հեռանկարային դռներ բացել:

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ